Կրկին Ստամբուլ

Դեկտեմբերի 8-ին Ավագ և Միջին դպրոցի սովորողների մի խումբ, այդ թվում և ես,  մեկնում ենք Ստամբուլ՝ Երևան-Ստամբուլ նախագծի շրջանակներում։ Այս անգամ մեզ հյուրընկալելու են Ստամբուլի Կեդրոնական վարժարանի սովորողները։ Տեսնելու ենք Ստամբուլի ձմեռային գեղեցկությունը և Ամանորյա տրամադրությունը։ Նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ նոյեմբերից և շարունակվում են մինչ այսօր։ Նախապատրաստական աշխատանքների շրջանակում մենք որոշակի տեղեկություններ ենք հավաքել, թե ինչպես են նշում Ամանորը Ստամբուլում, Ստամբուլի մարգարիտն ու Պալյան ընտանիքը, Կեդրոնական վարժարան. պատմությունը, արևմտահայ գրողների հետքերով, Թուրքական խոհանոցը կամ ի՞նչ ենք ուտելու Ստամբուլում, Ստամբուլի աշխարհագրական դիրքն ու կլիման ձմեռային ամիսներին։ Անցկացրել ենք պարի և երգի փորձեր, նաև ծանոթացել ենք արևմտահայ բանաստեղծների՝ Կաղանդի վերաբերյալ բանաստեղծություններին, նկարել տեսանյութ։

Մեր կրթահամալիրի խումբն արդեն երկրորդ անգամն է այցելում Ստամբուլի հայկական կրթարաններ։ Հետաքրքիր է՝ ինչ տպավորություններ են ստացել նախորդ այցելության ժամանակ մեր դասընկերները։ Զրուցում եմ Ստամբուլի հայկական ընտանիքքներից մեկում  ամռանը հյուրընկալված Վալերա Թևատրոսյանի հետ։

Մ.-Ես գիտեմ, որ դու արդեն երկրորդ անգամն ես գնում Ստամբուլ։ Ի՞նչ է մեզ սպասվում այնտեղ։

Վ- Ստամբուլում բոլորը շատ սիրով և ջերմությամբ ընդունեցին մեզ։ Ես մտածում էի, որ շփման մեջ լարվածություն կլինի, սակայն թուրքերը հայերի հետ շատ ջերմ էին, ինչը հաճելիորեն զարմացրեց ինձ։ Այն ընտանիքը, որը ինձ հյուրընկալել էր, շատ էր սիրում ինձ և մեր հարաբերություններն այնքան ջերմ էին, որ մինչ այսօր կապը պահպանվում է։ Նույնիսկ մի քանի օր առաջ գրեցի ստամբուլահայ իմ մայրիկին, որ կրկին գալիս եմ։ Նա շատ ուրախացավ և ասաց․ «Դու պետք է ապրես մեր տանը ու այս անգամ մենք քեզ բաց չենք թողնելու և ապրելու ես մեր հետ ընդմիշտ»։ Այդ խոսքերը ինձ շատ հուզեցին և ես  հպարտ կարող եմ ասել, որ Ստամբուլում երկրորդ ընտանիք ունեմ։ Վստահաբար կարող եմ ասել, որ նույնն էլ սպասվում է այս տարի, և պատք չէ անհանգստանալ։

Մ.-Առաջին անգամ երբ գնում էիր Ստամբուլ, ի՞նչ մտքեր և զգացողություններ ունեիր։

Վ.-Ճանապարհին շատ անհանգիստ էի, քանի որ չգիտեի, թե ում տանն եմ ապրելու, սակայն երբ ինջանք ավտոբուսից, լսեցի, թե ինչպես են իմ անունը տալիս։ Հետագայում պարզվեց, որ մեզ հետևում էին մեր Ֆեյսբուքյան էջերով և տեղեկացված էին մեր մասին։ Զարմանալի մի դեպք եղավ. երբ արդեն ծանոթացել էի ստաբուլահայ իմ ընտանիքի անդամների հետ, այնտեղի մայրիկս ինձ ասաց, որ տեսել է իմ փոքր ժամանակվա նկարը և հիմա ես շատ եմ փոխվել։

Մ.-Մեր գնալուն մնացել են հաշված օրեր։ Անհանգստություն կամ հուզմունք զգո՞ւմ ես, քանի որ այս անգամ նոր խումբ է, նոր վարժարան և նոր ընտանիքներ։

Վ.-Ոչ, չեմ զգում հուզմունք կամ վախ, քանի որ  արդեն թե´  նրանք թե´ մենք ունենք փորձ, և   վստահ եմ, որ առաջվա նման ջերմ և մեծ սիրով կհյուրընկալեն մեզ։

Մ.-Եվ  վերջում՝ ի՞նչ կմաղթես մեզ։

Վ.-Մեզ մաղթում եմ բարի ճանապարհ և հիանալի օրեր Ստամբուլում։

Հեղինակ՝ Մանե Թոռունյան

 

 

 

 

Թողնել մեկնաբանություն